Այսօր՝ աշկերտ, վաղը՝ որակյալ հմուտ աշխատող

2015թ. փետրվարի 26-ին «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի սեպտեմբերի 27-ի ՀՕ-311 օրենքի 3-րդ հոդվածում «ուսանող» և «դրսեկություն (էքստեռնատ)» հասկացություններից հետո լրացվել են համապատասխանաբար նոր պարբերություններ՝ հետևյալ բովանդակությամբ.

«աշկերտ՝ կրթական ծրագրի հիման վրա արհեստ սովորող անձ, ում ուսումնառությունն իրականացվում է հերթագայությամբ (երկակի ուսուցմամբ) մասնագիտացված կազմակերպությունում (վարպետի վերահսկողության ներքո) և ուսումնական հաստատությունում».

«հերթագայությամբ (երկակի) ուսուցում` ուսուցման այնպիսի համակարգ, որտեղ ներառված է նաև մասնագիտացված կազմակերպությունում ներգրավված աշկերտի աշխատանքային փորձառությունը»:

Իսկ օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասը լրացվել է հետևյալ պարբերությամբ. «Մասնագիտացված կազմակերպությունում ներգրավված աշկերտի հերթագայությամբ (երկակի) ուսուցումն իրագործվում է այդ կազմակերպության, ուսումնական հաստատության և աշկերտի կամ նրա ծնողի (օրինական ներկայացուցչի) միջև կնքված ժամանակավոր աշխատանքային պայմանագրի համաձայն:»:

Աշկերտային ուսուցումը մեծ ներդրում է ապագայի համար, քանզի այսօրվա աշկերտները վաղվա որակյալ հմուտ աշխատողներն են։ Աշկերտային ուսուցումը նպատակ ունի որակավորելու շրջանավարտներին ուսուցման ավարտից անմիջապես հետո զբաղեցնել իրենց ընտրած աշխատանքը։ Աշկերտային ուսուցման մեջ ընդգրկված հաստատությունների նպատակն է պահպանել այն որպես մասնագիտական ուսուցման գրավիչ ուղի և շարունակաբար զարգացնել այն։  «ԵՄԱՈՒ» հիմնադրամի «Մեքենաների և մեխանիզմների էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում» մասնագիտության 3-րդ կուրսի աշկերտ՝ Արսեն Մուսայելյանը աշխատանքային փորձառություն է ձեռք բերում «Արցախ Բրենդի Կոմպանի» ՓԲԸ-ում:

previous arrow
next arrow
Slider