Մասնագիտական կողմնորոշում

Ս.թ. հունվարի 8-ին «ԵՄԱՈՒ» հիմնադրամում մեկնարկել է ԱՀ ԿԳՍՆ-ի կողմից նախաձեռնած «Մասնագիտական կողմնորոշում» նախագիծը: Նախագծի նպատակն է բարձրացնել դպրոցականների իրազեկության մակարդակը`«ԵՄԱՈՒ» հիմնադրամում ուսուցանվող արհեստների վերաբերյալ և նպաստել պատանիների մասնագիտական ճիշտ կողմնորոշմանը, ինչը չափազանց կարևոր է, քանզի դրանով է պայմանավորված նրանց աշխատանքային գործունեության որակն ու մակարդակը, սոցիալական կարգավիճակն ու բարեկեցությունը, ինչպես նաև բարոյահոգեբանական վիճակը: Այստեղ մեծ դեր են խաղում նաև երիտասարդների նախասիրությունները, հետաքրքրությունները, հոգեկերտվածքը, ընտանիքի կամ մերձավոր շրջապատի արժեքներն ու նախապատվությունները, դրական օրինակները և այլն: Այսօր ամբողջ աշխարհում՝ ներառյալ Արցախում, լայնորեն խրախուսվում է հմտությունների տարածումն ու զարգացումը, իսկ արհեստների նկատմամբ սերն ու հարգանքն ունի պատմամշակութային խորը արմատներ: Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթում զուր չէ ասվում ՝ «Արհեստը մի այնպիսի բան է, որ ամենայն մարդ պիտի իմանա, թե՛ ծառա լինի, թե՛ տեր, թե՛ թագավոր, թե՛ իշխան»:
previous arrow
next arrow
Slider