Ուսումնարան

«Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամը պաշտոնապես բացվել է 2015 թվականին: Այն շինարարական արհեստների մասնագիտական ուսուցման միակ կրթօջախն է Արցախում:

Կրթօջախը կառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ (ֆրանսահայ Եզնիկ Մոզյանի կտակի համաձայն) և Լեռնային Ղարաբաղի կառավարության համաֆինանսավորմամբ:

Այն զբաղեցնում է 4050 քմ մակերես: Ուսումնարանը կառուցվել է ֆրանսիական նմանատիպ մասնագիտական կրթօջախների օրինակով՝ հատուկ մասնագիտական հանձնաժողովի խորհրդատվությամբ: Ուսումնարանի նախագծի հեղինակն է ճարտարապետ Ալեն Դարոնյանը:

Ընդամենը 450 ուսանողի համար նախատեսված ուսումնական կենտրոնն ունի հանրակրթական առարկաների և շինարարական արհեստների ուսուցման համար անհրաժեշտ հարմարությունները՝ կահավորված դասասենյակներ, սարքավորումներով ու պարագաներով հագեցած լաբորատորիաներ, արհեստանոցներ, համակարգչային սենյակ, գրադարան, օժանդակ սենյակ՝ նյութերի ու սարքերի պահեստավորման համար, ինչպես նաև ավտոմատացված կենտրոնական ջեռուցում և օդափոխություն:

Ուսումնարանի աշկերտները ստանում են եռամյա կրթություն: Ուսումնական գործընթացին զուգահեռ նրանք կաշխատեն շինարարական ձեռնարկություններում և ձեռք կբերեն փականագործի, մետաղագործի, զոդողի, ամրանագործի, որմնադիրի, ներկարարի, սալիկապատող-հարդարողի, էլեկտրիկի, սանտեխնիկի, ջերմատեխնիկի, ատաղձագործի, խոհարարի մասնագիտություններ: Արտադրական ուսուցման վարպետները վերապատրաստվել են Ֆրանսիայում:

previous arrow
next arrow
Slider